Рубрика: Պատմություն

Սառնաղբյուրի ճակատամարտ

8-1-1-300x245

Շիրակ աշխարհի գեղատեսիլ Սառնաղբյուր գյուղը (նախկինում` Սոգյութլու) Արագածին հենված մի գողտրիկ անկյուն է` հարուստ առեղծվածային ժայռապատկեր ներով և հոգևոր սրբություններով` եկեղեցիներով, վանքերով ու խաչքարերով: Գյուղի` կարծես ձեռքի ափի մեջ գտնվող հարթ տարածքները հարուստ են լեռնային բուսական աշխարհի բազմազանությամբ, իսկ գյուղը շրջափակող լեռներն աչքի են ընկնում վեհությամբ ու առնականությամբ: Ահա այս չնաշխարհիկ բնօրրանում են հաստատվել Մուշից, Ալաշկերտից, Խնուսից, Վանից և մեր կորուսյալ բնաշխարհի այլ վայրերից գաղթած հայրենակիցները, որոնք հաստատվելով Արագածի չքնաղ լանջին` շենացրել են նոր բնակատեղին` կարոտած աչքերը հառած իրենց ակունքին` հարազատ ծննդավայրին, և հավատալով գալիքին:  Սակայն այստեղ էլ է նրանց հասել թուրքի վայրագ ձեռքը, բայց սառնաղբյուրցիները չեն արժանացել իրենց նախնիների դառը ճակատագրին, այլ տոկունությամբ մաքառելով վրեժխնդիր են եղել նրանց հանդեպ կատարված ոճրագործության համար: 1918 թ. մայիսյան օրերին սառնաղբյուրցիներն իրենց և հարևան գյուղի բնակիչների ու գաղթականների ուժերով ստեղծել են աշխարհազորային խմբեր և ուժեղ դիմադրություն ցույց տվել թուրքական կանոնավոր բանակին:

Այսպիսին էր իրավիճակը 1918 թվականի մայիսին:

1918 թ. մայիսի 15-ի երեկոյան թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Տաճկահայաստանից շատ փախստականների, ինչպես նաև Ալեքսանդրապոլի շրջանին հարող գյուղերի ազգաբնակչության համար կոտորածից փրկվելու միակ ելքը Արագածի լանջով դեպի Էջմիածին ու Երևան անցնելն էր: Արագածի հարավարևմտյան լանջով հիմնական ճանապարհն անցնում էր Սոգյութլիով (ներկայումս Սառնաղբյուր): Ահա այստեղ էլ 1918 թ. մայիսի 16-ից 22-ը տեղի է ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ, որի շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից՝ ապահովվել Բաշ Ապարանի թիկունքն ու հաղթանակը թուրքերի դեմ:

Կանխազգալով վտանգը` դեռ մայիսի 14-ի երեկոյան գյուղի Հովեի օդայում հավաքվում են տարիքավոր, կյանքի մեծ փորձ ու հեղինակություն ունեցող մարդիկ, նաև ռազմական գործից հասկացող, Առաջին աշխարհամարտին մասնակցած Աթաշի Եղիշը, Խչոյի Սերոբը, Մարտկա Կարապետը (պապիս պապը), Նհոյի Սարգիսը (ցարական բանակի սպա, Գեորգիևյան խաչի կրկնակի ասպետ), Հարութի Մարալովը, Կարոյի Տոնոն, Նհոյի Նահապետը, Շարաֆի Բարսեղը, Քոչոյի Թորոսը, Քոչոյի Հարութը, Նիկոյի Հովսեփը, Տեր Գևորգը (գյուղի քահանան),Դիլանի Հարութը և Էրզրումի, Երզնկայի, «Ալագյազ» գնդերից ու ջոկատներից մնացած սպաներ: Պահը ճակատագրական էր, սխալվելը` հավասարազոր մահվան: Անհրաժեշտ էր ամեն ինչ հաշվի առնել, ուշի ուշով լսել բոլորին, ապա նոր որոշում կայացնել: Ահա թե ինչու մինչև լուսաբաց բազմակողմանի ու մանրամասն քննարկվում էր ջարդից խուսափելու հարցը: Իհարկե և՛ գյուղի երիտասարդությունը (հատկապես պատերազմից վերադարձած մարդիկ), և՛ գաղթականներից շատերը զինված էին, թեպետ դա անբավարար էր թուրքերին դիմադրելու համար: Փախչել և պատսպարվել լեռներում նշանակում էր թշնամուն հանձնել ոչ միայն այս հողի բնակիչներին, այլև անթիվ-անհամար այն փախստականներին, որոնք ապաստան էին գտել այստեղ: Կռվով դեպի Երևան, Էջմիածին նահանջելը ևս կվտանգեր բոլորին, առաջին հերթին` ծերերին, կանանց և երեխաներին: Կարճ ժամանակում լրացուցիչ զենք հայթայթելն էլ գրեթե անհնար էր: Պետք էր ժամանակ շահել` թեկուզև մեկ-երկու օր: Թուրք ասկյարին պետք էր վախեցնել, որպեսզի մինչև սթափվելը դրանով իսկ նպատակին հասնելու հնարավորություն ընձեռվեր:

Ճակատամարտը, որը տևել է յոթ օր ու գիշեր, 14 կմ երկարությամբ, հնարավորություն է տվել գյուղում կուտակված տասնյակ-հազարավոր մարդկանց փախչել Էջմիածին և խուսափել կոտորածից:

Որոշվում է առաջին մեկ-երկու օրը երիտասարդությանը գյուղից հանել սարերը, ծրագրվում է նաև գյուղ մտնող թուրքերի դիմավորումը, այնուհետև նրանց ոչնչացնելու տարբերակները: Հաստատվում է դիմադրության պլանն ու հատվածավորումը: Ինքնապաշտպանությունը պետք է տևեր այնքան ժամանակ, մինչև կապավորները լուր կբերեին տարհանվածների՝ Երևան և Էջմիածին հասնելու մասին: Թուրքերին հանկարծակիի բերելու համար որոշվում է գյուղում թողնել ևս քաջ և անվախ կանանց՝ տպավորություն ստեղծելով, թե զբաղվում են տնտեսությամբ: Այդպիսի պատրանք ստեղծելու նպատակով գյուղում է թողնվում նաև առանց այդ էլ սակավաթիվ անասունների մի մասը: 1918 թ. մայիսի 16-ին 13 ասկյարներից բաղկացած թուրքական մի ջոկատ՝ Ալի փաշայի գլխավորությամբ հին գերեզմանոցի կողմից հայտնվում է Սոգյութլիում (Սառնաղբյուր): Նախօրոք պայմանավորվածության համաձայն՝ գյուղացիներից Հենցու Տիգրանը, Բղդոյի Հարութը, Ասլանի Քերոբը դիմավորում են թուրքերին: Փաշային տեղավորում են Հովեի օթախում, իսկ ասկյարներին՝ Հովեի օդայում: Թուրքերին դիմավորելուց հետո դիմադրության կազմակերպիչներն անցնում են բուն ծրագրի իրականացմանը:

Հաջորդ գիշեր սարերից գյուղ են իջնում Հարութի Մարալովը, Նհոյի Սարգիսը, Մնեի Սմբատը: Հարութի Մարալովը սպանում է փաշային, մնացածները հարձակվում են ասկյարների վրա, կոտորում, երկու թուրքի կացնով սպանում է վանեցի Նուբարը՝ իր վրեժը առնելով գազանաբար սպանված ամուսնու համար: Ասկյարներից մեկին հաջողվում է փախչել և լուրը հասցնել Ալեքսանդրապոլ, որտեղ գտնվող թուրքական հրամանատարությունը 40 հեծյալներից կազմված խումբ է ուղարկում, որպեսզի սրի քաշեն անհնազանդներին և այրեն գյուղը: Սոգյութլիի զինված մարտիկները դիմադրում են թուրքերին և ոչնչացնում բոլորին, իսկ հեծյալ խմբի ղեկավարի կտրած գլուխը կապում են ձիու թամբին և ուղարկում Մարալիկ (Մոլագյոքչա): Սոգյութլիի դեպքի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվում է Ալեքսանդրապոլին հարակից գյուղերում, որոնց բնակիչները թուրքերի հնարավոր վրեժխնդրությունից երկյուղ կրելով՝ տուն-տեղ թողած շտապում են Սոգյութլի: Մի գիշերվա մեջ գյուղի տարածքը լցվում է նոր փախստականներով: Թուրքական բանակի հրամանատարությունը, իմանալով 40-ից ավելի ասկյարների կորստի մասին, կանոնավոր զորաբանակով շարժվում է դեպի Սոգյութլի՝ ընտրելով ոչ թե Մարալիկի, այլ Սիրվանջուղի (այժմ Լեռնակերտ) ուղղությունը: Ինքնապաշտպանների զբաղեցրած հարմար դիրքը, թուրքերի նկատմամբ լեռնացած ատելությունը, հատուցման մոլուցքն այն զորեղ ուժն էր, որ նրանց գամել էր ժայռերին: Թուրքական բանակն այդ ամայի սարերում հանկարծ հանդիպում է դիմահար հզոր կրակահերթերի: Այդպիսի դիմադրության չսպասելով` թուրքերը խուճապահար փախչում են՝ թողնելով մեծ քանակությամբ սպանվածներ և ռազմավար, այդ թվում նաև մեկ թնդանոթ: Հաջորդ օրը թուրքական բանակում կեղծ լուր են տարածում, թե իբր անգլիական զորքերը օգնության են հասել սոգյութլեցիներին: Առաջին հաջողությունից ոգևորված ինքնապաշտպանության պատասխանատուները՝ Նհոյի Սարգիսը, Աթաշի Եղիշը, Մնեի Սմբատը, Շարաֆի Բարսեղը, Քոչոյի Թորոսը ամբողջ ճակատի գիծը բաժանում են 3 հատվածի, այսինքն՝ սկսում են իրականացնել մայիսի 14-ին կայացրած որոշումը:

Սկսվում է Սառնաղբյուրի հերոսամարտը:

Խմբապետ Պանդուխտի ջոկատը և 1000-ի հասնող աշխարհազորը 7 օր շարունակ ետ էին մղում թուրքական բանակի` մեկը մյուսին հաջորդող գրոհները: Դիմադրության 7-րդ օրը թուրքերը ճակատ են տեղափոխում հրանոթներ: Սոգյութլեցիների վիճակը ծանրանում է: Պաշտպանվողներն ունեին միայն մեկ գնդացիր և զինված էին «Մոսին» հրացաններով, մի քանի ատրճանակով, դաշույններով, բահերով, եղաններով ու կացիններով: Սոգյութլեցիներին մահվան սպառնալիքից փրկում է Կոշում տեղակայված գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ գործող  հայկական զորամասը, որին էլ հասել էր գյուղը պաշտպանողների օրհասական վիճակի մասին լուրը: Այդ զորամասում ծառայած Արեստակ Խաչատրյանը հետագայում պատմել է, թե իմանալով հայրենի գյուղի վրա կախված վտանգի մասին՝ զորամասի ղեկավարությունը 250 հեծյալից բաղկացած մի ջոկատ է առանձնացնում, որի կազմում 60 սոգյութլեցիներ էին, մյուսները՝ շրջակա գյուղերից: Ջոկատը գիշերով շարժվում է դեպի Սոգյութլի:

Տեղեկանալով Սառնաղբյուրում ընթացող մարտերի մասին` Հայոց Ազգային Խորհուրդը Սառնաղբյուր է ուղարկում խմբապետ Պանդուխտի զորախումբը: Դիմադրության 7-րդ օրվա ավարտին, գիշերը Էջմիածնից եկած կապավորը հայտնում է, որ գաղթողների մեծ խումբը բարեհաջող տեղ է հասել: Լուրն առնելուց հետո նոր պաշտպանները թողնում են դիրքերը և նահանջում Էջմիածին: Մեկ բացառիկ հանգամանք, որ գրանցվել է այս գոյամարտի պատմության մեջ. Սոգյութլիի ճակատամարտի ընթացքում հայերն ընդամենը մեկ զոհ են տվել (սպանվել է մեկ կին): Դա կարող է միայն վկայել, թե որքան լավ է կազմակերպվել դիմադրությունը:

Սոգյութլեցի «թոփչի» Արշակը, Գևորգ Սաղաթելյանը և շատ ուրիշներ հասցրել են մասնակցել նաև Սարդարապատի ճակատամարտին: Արշակը «թոփչի» մականունը վաստակել է հենց այդտեղ` թնդանոթով թուրքերին դիպուկ հարվածներ հասցնելու համար: Ինքնապաշտպանական ջոկատների հեռանալու երրորդ օրը միայն թուրքերը համարձակվում են մտնել գյուղ` չհավատալով, թե դիմադրողները հեռացել են տարածքից: Գյուղում մնում են Ավոյի Նիկոլը (12 տարեկան), Պողոսենց Վարազը (10 տարեկան), Սարգսյան Բաբկենը (10 տարեկան), Պողոսի Նախշունը, Հարեի Ալեքը, Դիլանի Հարութը: Նրանք, ովքեր ականատես են լինում թուրքերի վայրագություններին: Ըստ նրանց պատմածի` թուրքերը 3 օր նստել են Կաթնով աղբյուրի մոտ ու չեն փորձել գյուղ մտնել, հետո անցել են Գառնահովիտն ու նոր միայն իջել գյուղ: Սկզբում թուրքերը ցանկացել են հետապնդել հեռացողներին, սակայն զգալով, որ կրկին անհաջողության են մատնվելու, հրաժարվում են այդ մտքից: Փոխարենը հավաքում են Ադիամանի (Գառնահովիտ), Փիրթիքյանի, Մաստարայի, Մուսլուղլուի, Սոգյութլիի և Ձիթհանքովի ծերերին, կանանց ու երեխաներին, լցնում Ձիթհանքովի մարագներն ու պատուհաններից կրակում անզեն մարդկանց վրա, այնուհետև այրում:

Հանգուցյալ տատս՝ Մարտակ Զեպետը, պատմում էր, որ գյուղում մնացած կանայք օր ու գիշեր հաց էին թխում, կերակուր պատրաստում և խուրջիններով դիրքեր հասցնում, իսկ նրա մայրը՝ Յաղութը, իր ընկերուհիների հետ կժերով Կաթնով աղբյուրից ջուր էր հասցնում մարտնչողներին և ինքնապաշտպաններին՝ միակ «Մաքսիմ» գնդացիրը հովացնելու համար: Գյուղում մնացած պատանիները, որոնց մեջ էր նաև իմ պապը` Մարտկա Վարդանը, էշերով օրական 2-3 անգամ գնում էին Թալին և փամփուշտ բերում դիրքեր:

Ռազմական գործողությունների վերլուծությունը բացահայտորեն ցույց է տալիս, որ թուրքական հրամանատարությունը, Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ, Արագածի հարավային լանջերով առաջանալով, որոշել էր դուրս գալ դեպի Քուչակ, փակել Երևան, Բաշ Ապարան ճանապարհը և շրջափակման մեջ վերցնել Բաշ Ապարանի հերոսամարտի մասնակից զորքերին ու աշխարհազորը, ինչը և ձախողվեց Սառնաղբյուրի հերոսամարտի շնորհիվ:

Այն մեծապես նպաստել է Սարդարապատի ճակատամարտի փառավոր հաղթանակին: Այս նշանավոր իրադարձությանն է անդրադարձել Ռուդիկ Գևորգյանը (ում նախնիները գաղթել են Արևելյան Հայաստանից և բնակություն հաստատել Սոգյութլուում (Սառնաղբյուրում) իր «Ակունք» փաստավավերագրական ժողովածուում: Արխիվային փաստաթղթերով հաստատելով հոր և համագյուղացիների պատմածները, Ռ. Գևորգյանը կարողացել է վեր հանել հայ ժողովրդի մի փոքրիկ հատվածի մաքառումներով անցած ճանապարհը` 1918 թ. մայիսի 16-22¬ը գյուղում տեղի ունեցած հաղթական ճակամարտը իրավամբ դասելով Սարդարապատի, Բաշ¬Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շարքին: Գրքում նկարագրվում են գյուղում խորհրդային կարգերի հաստատումից հետո անգրագիտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կոլեկտիվացման գործընթացում կամավորական սկզբունքների խախտման, 1937 թ. բռնությունների դեմ տարվող պայքարը, նաև Երևանում 1940 թ. երկրորդ կեսին կառուցապատման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Ժողովածուում տեղ են գտել նաև Հայրենական մեծ պատերազմին, ետպատերազմյան տարիներին վերաբերող հուշերը: Նկարագրվում է նաև հեղինակի սերտ կապը իր գերդաստանի ակունքի` Սառնաղբյուրի հետ, նրա ջանքերով եկեղեցու վերակառուցման, Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի կառուցման, գյուղի բարեկարգման և շատ ու շատ այլ աշխատանքների մասին:

Աղբյուր`

hayzinvor.am-ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ. ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

avangard.am-Սառնաղբյուրի ճակատամարտի մասին

 

Կարծիք`

Իմ կարծիքով այս ճակատամարտը շատ կարևոր էր հայերի համար, որովհետև եթե մենք այս ճակատամարտում պարտվեինք կամ հանձնվեինք, թուլանայինք և փախչեինք, մենք հաստատ էլ այստեղ չէինք լինի, ընդհանրապես Հայաստանը չէր լինի, և մեր հին մշակույթը, պատմությունը, բնությունը, մենք, մեր նախնիները, ընդհանրապես հայերին բոլորը կմոռանային: Մենք հիմա այստեղ ենք, ապրում ենք, ուրախանում և հպարտանում ենք սառնաղբյուրցիների շնորհիվ, նրանց հզոր և քաջ բանակի շնորհիվ:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s