Рубрика: Պատմություն

Աստղագիտություն

  • Իմ ընտրած բնական գիտության պատմությունը
Աստղագիտությունն ուսումնասիրում է մոլորակները, աստղերը և գալակտիկաները, որոնցից կազմված է Տիեզերքը: Աստղագետներն աշխատում են բացատրել այն ամենը, ինչ կարելի է տեսնել գիշերային երկնքում: Նրանք որոշում են նաև, օրինակ, աստղերի տարիքը և դրանց հեռավորությունը Երկրից:
Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժումների ու զարգացման մասին գիտությունը:
Շատ դարեր պահանջվեցին պարզելու համար, թե երկնային մարմինների որ շարժումներն են իրական, և որոնք՝ թվացյալ: Օրինակ՝ մեզ թվում է, թե Արեգակը ծագում է, շարժվում երկնքում և մայր մտնում, սակայն իրականում Արեգակի շուրջը պտտվում է Երկիրը: Մինչև XVI դարը գրեթե բոլորը համոզված էին, որ Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը: 1540-ական թվականներին լեհ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջ քաշեց Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, ըստ որի` Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը և կազմում են Արեգակնային համակարգը: 1608 թ-ին, երբ Հանս Լիպերսգեյը ստեղծեց աստղադիտակը, պարզվեց, որ Արեգակն ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային հսկա գնդեր են, ինչպես և Արեգակը:

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է։ Դեռևս մ. թ. ա. աստղագիտությունը բավականաչափ զարգացած էր Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում: Այսպես, մեր թվարկությունից 28 դար առաջ եգիպտական քրմերը որոշել են տարվա տևողությունը, իսկ Արեգակի խավարումների կրկնության պարբերությունը (սարոս) հայտնի էր արդեն մ. թ. ա. 6-րդ դարում: Մ. թ. ա. 2-րդ դարում Հիպարքոսի կազմած աստղացուցակը պարունակում էր հազարից ավելի աստղերի երկնային կոորդինատները և պայծառության գնահատականները՝ աստղային մեծությունների պայմանական սանդղակով, որն առանց էական փոփոխությունների օգտագործվում է նաև մեր օրերում։ Կան պատմական վկայություններ Հին Հայաստանում աստղագիտական գիտելիքների բարձր մակարդակի մասին։

Հիպարքոս

Վաղ ժամանակներում մարդիկ տեսել են, որ մի քանի լուսատուներ փոխում են իրենց դիրքն ուրիշ անշարժ աստղերի նկատմամբ։ Նրանք մեկ շարժվում են արևելք, հետո հակառակ ուղղությամբ՝ գծելով օղակներ։ Այդ զարմանալի և տարօրինակ լուսատուները, որոնք իրենց ձևով նման են աստղերին, մարդիկ կոչեցին մոլորակներ, այսինքն՝ ճանապարհը կորցրած, մոլորված։

Հին աշխարհում հայտնի է եղել հինգ մոլորակ, որոնք երևում են անզեն աչքով։ Երկիրը չի համարվել մոլորակ և բացառիկ տեղ է գրավել տիեզերքում։ Այժմ հայտնի մոլորակներից երկուսը, որոնք անզեն աչքով չենք կարող տեսնել, հայտնաբերվել են վերջին դարերում՝ Ուրանը 1781 թվականին, Նեպտունը 1846 թվականին։ Մոլորակներն աստղերից տարբերվում են առկայծմամբ։

Մոլորակները, ինչպես նաև Երկրի արբանյակ Լուսինը, սեփական լույս չունեն։ Նրանք իրենց վրա ընկած Արեգակի լույսը հայելու պես անդրադարձնում են։

Երկրի ձևի, Տիեզերքում նրա դիրքի և մոլորակային համակարգի կառուցվածքի վերաբերյալ ճիշտ մտքեր են արտահայտվել դեռևս մ. թ. ա. 3-րդ դարում Էրատոսթենեսը որոշեց Երկրի շառավիղը, իսկ Արիստարքոս Սամոսացին գտնում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Սակայն, մ. թ. 2-րդ դարում Պտղոմեոսի՝ իր ժամանակի աստղագիտական գիտելիքներն ամփոփող «Աչմագեստ» աշխատության մեջ շարադրված աշխարհի երկրակենտրոն համակարգը, որի համաձայն Արեգակը՝ մոլորակների հետ միասին պտտվում է Երկրի շուրջը, եկեղեցու հովանու տակ լայն տարածում ստացավ և գրեթե 15 դար անընդհատ իշխեց գիտության մեջ։

Որպես գիտություն՝ աստղագիտությունը Հայաստանում ձևավորվել է VII դարից՝ Անանիա Շիրակացու աշխատությունների շնորհիվ: Միջին դարերում իրենց աստղագիտական-տոմարագիտական աշխատություններով աչքի են ընկել Հովհաննես Սարկավագը (XI–XII դարեր), Հովհաննես Երզնկացին (XIII դար), Հակոբ Ղրիմեցին (XIV–XV դարեր) և այլք: XVIII դարում կազմվել է հայկական առաջին աստղագիտական տպագրական քարտեզը՝ «Աստղալից երկինքը», որը զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (1749 թ.) գրքում: XIX դարում Վենետիկի Սուրբ Ղազար կղզում աստղագիտական հետազոտություններ են կատարել Մխիթարյան միաբանության գիտնականները:

XVII դարի ակնոց պատրաստող դանիացի ապակեգործները հնարեցին դիտակը: Համարվում է, որ առաջին աստղադիտակը ստեղծել է պատվերով ակնոց պատրաստող հոլանդացի Հանս Լիպերսգեյը 1608 թ-ին: Դրա հիմնական մասը ոսպնյակն էր: Իսկ մինչ այդ դիտորդ-աստղագետների գործիքը  սեքստանտն էր՝ աստղադիտական անկյունաչափ սարքը:
Արդեն 1609 թ-ին ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը իտալական Պադուա քաղաքում իր ձեռքերով պատրաստեց նույնպիսի մի դիտակ և այն ուղղեց դեպի աստղալից երկինք: Գալիլեյի դիտակը մեծացնում էր ընդամենը 3 անգամ, սակայն դրա օգնությամբ գիտնականը  բազմաթիվ նոր աստղեր տեսավ և այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռ չէր տեսել:
Ի վերջո, Գալիլեյին հաջողվեց պատրաստել 32 անգամ մեծացնող աստղադիտակ, որով նա շատ հայտնագործություններ կատարեց Լուսնի, Արեգակի և մոլորակների վերաբերյալ:

1671 թ-ին Նյուտոնը ստեղծեց անդրադարձումային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր, որտեղ, ի տարբերություն ռեֆրակտորի, օբյեկտիվի ոսպնյակը փոխարինված էր գոգավոր հայելիով: 

Ամենամեծ ռադիոաստղադիտակը գտնվում է Պուերտո Ռիկոյում՝ Կարիբյան ծովի կղզիներից մեկում, և ունի 300 մ տրամագիծ, իսկ ամենահզոր աստղադիտակը ԱՄՆ-ում գտնվող գերերկար հիմքով (բազայով) ռադիոաստղադիտակների համակարգն է (ռադիոինտերֆերոմետր): Այն կազմված է 10 թասաձև անտենաներից, որոնք տեղակայված են 8000 կմ երկարությամբ ուղիղ գծով: Ամենամեծ օպտիկական աստղադիտակը՝ Կեկի աստղադիտակը, գտնվում է Հավայան կղզիներում, ունի 10 մ տրամագծով հայելի և կշռում է 270 տ: 

ՀՀ-ում է գտնվում աշխարհում առաջին՝ նոր տեսակի ռադիոօպտիկական աստղադիտակը՝ Հերունու հայելային աստղադիտակը: Այն տեղակայված է Արագած լեռան փեշերին՝ Օրգով գյուղի մոտակայքում:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ-ի աշնանը` Արագածի հարավային լանջին` Բյուրական գյուղի մոտ` ծովի մակերևույթից շուրջ 1500 մ բարձրության վրա:
Առաջին դիտաշտարակների շինարարությանը զուգընթաց, Վ. Համբարձումյանի ղեկավարությամբ, սկսվեց նաև մասնագետների ուսուցումը Երևանի պետական համալսարանում: Այդ նույն ժամանակ բաց երկնքի տակ տեղակայված առաջին շատ համեստ աստղադիտակներով կատարվեցին անդրանիկ դիտումները:
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ`

 

Оставьте комментарий